Լուրեր
Հանրապետականը կերտում է նոր Հայաստան. Սերժ Սարգսյան
30.04.2012
Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը նոր Հայաստանի կերտման ծրագիր է: Նման խոսքով ապրիլի 30-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչների հետ հանդիպումն սկսեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Փոփոխությունների ծրագիր մշակելիս մենք առաջնորդվելու ենք այն գաղափարով, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների առջև ստեղծելու համապատասխան պայմաններ: Աշխատելու ու վաստակելու պայմանները բարելավվելու ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մեր նախընտրական ծրագիրը արժանապատիվ ապրելու հնարավորությունների ու կյանքի որակի բարելավման ծրագիր է»,- նշեց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ այն ենթադրում է նաև հանրապետության ամբողջ տարածքում ենթակառուցվածների զարգացում:
«Բարձրակարգ դպրոցներ ու գործող ջրանցքներ, ժամանակակից կապի միջոցներ ու հասանելի ինտերնետ: Այստեղ հիմնանորգվել ու վերականգնվել են ջրանցքներ, որոնց շնորհիվ մշակահողերի տարածքները կրկնապատկվել են: Դա արձագանքներ է ստանում հարակից տնտեսության ոլորտներում, որոնք նույնպես զարգանում են»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Եղվարդի բնակիչների հետ հանդիպումից հետո` ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության առաջնորդը այցելեց նաև Նոր Գեղի, որտեղ զրուցեց տեղի ու հարակից համայնքների ընտրողների հետ: