Լուրեր

Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարում Գառնիի զբոսաշրջային հնարավորությունների զարգացումը

30.04.2012

Հայաստանի համայնքների զբոսաշրջային հնարավորություները պետք է զարգացվեն` թե ներսի, թե դրսից այցելությունների հաշվին:  Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Գառնու անունը հայտնի է յուրաքանչյուր հայի, որպես յուրատեսակ արգելոց-թանգարան բաց երկնքի տակ: Այն մեր պետության հիմնական այցեքարտներից է: Այստեղ լուրջ հիմքեր են դրվել զբոսաշրջության զարգացան համար ու մենք պետք է կարողանանք այն լիարժեք օգտագործել»,- ասաց նա` հավելելով, որ Գառնիում աշխատանքներ են տարվում դրսից և ներսից զբոսաշրջիկների քանակի մեծացման ուղղությամբ:

«Գառնու հարստությունների թվում ոչ միայն պատմամշակութային արժեքներն են, այլև գառնեցու արդար քրտինքով պատրաստված լավաշն ու Գառնու հայտնի ջուրը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Կոտայքի մարզում քարոզարշավի շրջանակներում` ՀՀԿ առաջնորդը եղավ նաև Նոր Հաճնի համայնքում: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ հանրապետությունում շարունակվում են քաղաքական գործընթացներն ու նախընտրական քարոզարշավը, որոնց ամբողջ ընթացքում հանդես է եկել հորդորով` նախ մասնակցել ընտրություններին և միաժամանակ մղել միայն գաղափարական պայքար:

«Մայիսի 6-ի ընտրություններից է կախված, թե ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում, որոնք նաև սահմանելու են մեր հետագա առաջնահերթութունները: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի քվեն: Այս առումով մենք ակնկալում ենք ձեր բոլորի քվերները ու չենք կասկածում, որ այս ընտրություները լինելու են լավագույնը»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:

← Վերադառնալ ցուցակին