Լուրեր

Տեղական արտադրության խթանումը ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում է. Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Եղվարդում է

30.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Եղվարդում նոր գործարկված «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն համակցված կերերի գործարանի աշխատանքների ընթացքին:

«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն համակցված կերերի Եղվարդի գործարանը ձեռք է բերել 2010 թվականի մարտին` չաշխատող վիճակում, խորհրդային հին տեխնոլոգիական սարքավորումներով: Գործարանը կապված է 3 կմ 800 մ երկարությամբ երկաթգծով Եղվարդի երկաթուղային կայարանի հետ, որն ամբողջությամբ վերանորոգվել ու աշխատանքային վիճակի է բերվել «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի հաշվին և այժմ ապահով բեռնափոխադրումներ է իրականացնում:

«Գործարանը գործարկվել է երեք ամիս առաջ: Սարքավորումների ներկրման ու գործարանի վերագործարկման աշխատանքներն ընթացել են ընդհանուր առմամբ երկու տարի: Սարքավորումներն ամբողջությամբ հնացած էին, իսկ այժմ դրանք փոխարինվել են համակարգիչներով: Համակցված կերերի արտադրությունը կապված է կշեռքների ու ճշգրիտ սարքավորումների հետ, այժմ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գործարանի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:

Եղվարդի համակցված կերերի գործարանում այսօր աշխատում է 80 մարդ, որոնց միջին աշխատավարձը բարձր է 100 հազար դրամից: Իսկ նախատեսված ծրագրերի իրականացման դեպքում գործարանը կունենա ևս 100-150 աշխատակցի կարիք:

Բոլոր արտադրությունների համար անհրաժեշտ հումքը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել և տեղական արտադրողներից` նպաստելով տեղական բիզնեսի կայացմանը, և' օտարերկրյա արտադրողներից` ներմուծելով այն արտադրատեսակները, որոնք հնարավոր չէ արտադրել և չի արտադրվում ՀՀ-ում:

← Վերադառնալ ցուցակին