Լուրեր
ՀՀ Նախագահն այցելեց Գյումրու տեխնոպարկ
29.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին այցելեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տեխնոպարկ: Նախագահին ներկայացվեց տեխնոպարկի շինարարական աշխատանքների ընթացքը:
Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրու զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու: Այն էական նշանակություն ունի փոքր եւ միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից, եւ կխթանի Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը` հնարավորություն ընձեռելով արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:
Տեխնոպարկի հիմնական շենքի հիմնանորոգման նպատակով փետրվարի 28-ին հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բաղրամյանշին» ԲԲԸ եւ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը: Վերանորոգման աշխատանքները կիրականացվեն շուրջ 1.67 միլիարդ դրամ պայմանագրային արժեքով: Շենքի շինարարարական եւ վերանորոգման աշխատանքների արդյունքում երկու տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 6 հազար 300 քմ մակերեսով ամբողջական համալիր: