Լուրեր
Սերժ Սարգսյանը այցելեց Աշոցքի դպրոցի շինհրապարակ
29.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին այցելեց Շիրակի մարզի Աշոցք գյուղում կառուցվող դպրոցի շինհրապարակ: Նախագահը շրջեց եւ ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Ներկայում ավարտվել են հիմքերի եւ հիմքային պատերի բետոնացման աշխատանքները:
Դպրոցը կառուցվել է 1970-ական թթ-ին` 1000 աշակերտի համար: Ներկայում գյուղի դպրոց է հաճախում 297 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է մի քանի մասնաշենքերից բաղկացած շինություն, որոնցից գործում են միայն երեքը: Դրանք վերանորոգվել են պետական ծրագրի շրջանակներում, սակայն դպրոցը վերանորոգման կարիք ունի: Հաշվի առնելով Աշոցքի բնակչության ներկա պատկերը եւ դպրոցի շենքի վիճակը` տեխնիկապես եւ ֆինանսապես ավելի նպատակահարմար է կառուցել դպրոցի նոր շենք, որը կհամապատասխանի ներկա պահանջներին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում Աշոցքում կառուցվում է նոր դպրոց` 400 աշակերտի համար: Ծրագրի արժեքն է 647.6 մլն դրամ: Նոր դպրոցն ունենալու է կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ: Կառուցվում է երկու մարզադահլիճ` բացօթյա մարզահրապարակ եւ դպրոցի ներսում գործող սպորտդահլիճ:
Աշխատանքները սկսվել են 2011-ի հուլիսին, ավարտը նախատեսվում է 2013թ.-ի մայիսին: