Լուրեր

«ՀՀԿ-ի քաղաքականության արդյունքներն արդեն իսկ շոշափելի են». Սերժ Սարգսյան

28.04.2012

ՀՀԿ-ի արտաքին և ներքին քաղաքական ուղեգծերը ճիշտ են: Նման հայտարարությամբ Դավթաշենի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ընտրարշավը մտնում է ավարտական փուլ, և ինձ համար հստակ է ՀՀԿ-ի ծրագրերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը և ընտրողների ցանկությունը»,- ասաց ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ի քաղաքականության արդյունքներն արդեն իսկ շոշափելի են, սակայն բավարար չեն: «Ակնհայտ է փոփոխությունների ակնկալիքը, սակայն դրանց իրականացումը ժողովուրդը կապում է կարող ուժի հետ: Ինձ համար պարտավորեցնող է, որ այս ընթացքում շատ մարդիկ` հողի մշակներ են, ուսանողներ, որոնք մեզնից կախված չեն և կեղծավորություն անելու հիմք չունեն, համոզված են, որ խնդիրները կարող է լուծել միայն ՀՀԿ-ն»,- շեշտեց ՀՀԿ առաջնորդը:

Նրա խոսքով` ժողովուրդը տեսնում է երկրի խնդիրները և հավատում է, wր դրանք լուծվելու են: «Մենք առաջարկում ենք նոր քաղաքականություն, որի կիզակետում մարդն է: Մեր նպատակն է մարդկանց ապահովել աշխատանքով, արժանապատիվ վարձատրությամբ և բարելավել կյանքի պայմանները»,- նշեց Սերժ Սարգսյանը` կոչ անելով մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ մտածել ավելի կրթված, մաքուր և բարեշեն Հայաստանի մասին:

Հանդիպման ավարտին ՀՀԿ նախագահը կոչ արեց աջակցել ՀՀԿ-ի համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածուներին:

← Վերադառնալ ցուցակին