Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է հայ ջազմեններին

28.04.2012

 Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին: Շնորհավորելով նրանց` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայաստանի և մասնավորապես Երևանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար.
<<Անչափ կարևոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության և մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաև երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչև ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

← Վերադառնալ ցուցակին