Լուրեր

Սերժ Սարգսյանը խոստանում է տեսանելի ապագայում ՀՀ քաղաքացիներին ապահովել անվճար բուժսպասարկմամբ

28.04.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 28-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Դավթաշեն վարչական շրջանի բնակչության հետ:  Սարգսյանը կարեւորեց հատկապես առողջապահության ոլորտում կատարվելիք բարեփոխումները: «Առողջապահության ոլորտում մեր քաղաքականությունն ուղղված է հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպ ստեղծելուն, բժիշկների պարտադիր վերապատրաստմանը: Համապատասխան մեխանիզմների միջոցով ապահովելու ենք հիվանդությունների ճիշտ, վաղ ախտորոշում եւ որակյալ բուժսպասարկում»,-ասաց Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ վերազինվելու են առողջապահական հիմնարկները: Արդեն ինը մարզերում կան ժամանակակից առողջապահական հիվանդանոցներ, եւ վերազինման գործընթացը լինելու է շարունակական: «Ունենալու ենք եվրոպական չափանիշներին համապատասխանող արյունական եւ ուռուցքաբանական կենտրոններ, որոնք ուղղված կլինեն նորագոյացությունների հայտնաբերմանը: Արդեն կան ֆինանսական միջոցները եւ կատարվում են նախագծային աշխատանքներ, որոնք լինելու են Երեւանի ութերորդ հիվանդանոցի բազայի վրա»,- նշեց Սարգսյանը: Նրա խոսքով` շարունակվելու է անվճար ծննդօգնությունը, անվճար բուժսպասարկումը մինչեւ յոթ տարեկան երեխաների համար, որը հետագայում կնախատեսվի նաեւ 12, ապա` 18 տարեկանների համար: ՀՀ քաղաքացիները տեսանելի ապագայում կապահովվեն անվճար բուժսպասարկմամբ: Սարգսյանի հավաստմամբ` Հայաստանում առաջին անգամ ապահովվելու է սրտի անհետաձգելի վիրահատություն Հայաստանի քաղաքացիների համար, որը կօգնի բնակչությանը շատ թե քիչ ապահով զգալ:

← Վերադառնալ ցուցակին