Լուրեր

Ստորագրվել է պայմանագիր շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ

27.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով` հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ վերջապես պետք է ստորագրենք պայմանագիրը: Մենք երկու տարի սպասել ենք և արդյունքում, ի դեմս Ասիական զարգացման բանկի, ունենք հուսալի և երկարաժամկետ գործընկեր»: Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած ընկերությանը վստահելու համար` նշելով, որ իր թիմը նման խոշոր ծրագրեր իրականացնելու պատկառելի փորձ ունի և մեծ պատասխանատվությամբ ստանձնում է Հայաստանում խոշորագույն շինարարական ծրագրերից մեկի իրականացման գործը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է որակյալ ճանապարհների կառուցման ու վերականգնման կարևորությունը և հույս հայտնել, որ համագործակցությունն իսպանական ընկերության հետ արդյունավետ կլինի:
Հաջորդիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրվել է պայմանագիր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերության միջև: Պայմանագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության անունից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության անունից` «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը: Պայմանագրի համաձայն` ընկերությունն իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1` Երևան-Արարատ ու Երևան-Աշտարակ և Տրանշ 2` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքները:

***
«Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը ներառված է «Իզոլյուքս Կորսան» Գրուպ-ում, որը դասվում է աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ցանկին` շինարարական, էներգետիկ արտադրության, բնապահպանական ոլորտներում: Կազմակերպությունն ունի շինարարական աշխատանքների ավելի քան 80 տարվա փորձ` 30 երկրներում, և այսօր խոշորագույն շինարարական աշխատանքներ է իրականացնում Հնդկաստանում, Բրազիլիայում, Արգենտինայում` կես միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագրերով:

← Վերադառնալ ցուցակին