Լուրեր
ԱԺ նախագահը հանդիպեց ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ
27.04.2012
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:
Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների ղեկավարների կողմից առաջարկվեց բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:
Քննարկվեցին նաեւ տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր: Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար: