Լուրեր
Վարչապետը ծանոթացել է «Քենդլ» նախագծի իրականացման աշխատանքներին
27.04.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգորղ խորհրդի նիստը: Մինչ օրակարագային հարցերի շուրջ քննարկումներին անցնելը՝ կառավարության ղեկավարը ծանոթացել է ինստիտուտի լաբորատորիաների գործունեությանը և առաջիկա ծրագրերին:
Այնուհետև վարչապետին զեկուցվել է «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախագծի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների ընթացքի մասին:
Մասնավորապես, նշվել է, որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ և ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Դրանց արդյունքում արդեն իսկ ստացվել են 1,5 մլն եվրոյի սարքավորումներ AREAL գծային արագացուցչի կառուցման նպատակով. ևս մեկ միլիոն եվրոյի սարքավորումներ կստացվեն առաջիկայում: Նշվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում ծրագրի առաջին փուլի՝ AREAL գծային արագացուցչի կառուցման աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել են, և այն նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա ընթացքում:
Համագործակցության արդյունքում տեղի երիտասարդ կադրերը գործուղվել են արտերկիր՝ վերապատարստում անցնելու նպատակով:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ «Քենդլ» նախագիծը ներառել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Չինաստանի հետ գիտատեխնիկական համագործակցության օրակարգում:
AREAL գծային արագացուցիչը հնարավորություն կտա ստանալ փոքր էմիտանսով էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառներից է և գերակա ուղղություն է աշխարհի առաջատար կենտրոնների համար: Այն կարևոր գիտական և կիրառական նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և նյութագիտության բնագավառների առաջատար փորձարարական հետազոտությունների համար:
Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Սթեմֆորդի SLAG կենտրոնների և Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: