Լուրեր
ԵԺԿ փոխնախագահը լավ ընտրությունները համարում է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման գրավական
27.04.2012
Հայաստանի առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ այդ ընտրություններում հաղթողը պետք է լինի հենց Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան «Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարներ»-ը խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: «Լավ ընտրությունները կամրապնդեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ թվում` ԵՄ-ում: Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է եւ ԵՄ-ն: Մենք պետք է միասնաբար կարողանանք գնալ ճիշտ ուղղությամբ»,- ասաց Օրեխան: Նրա կարծիքով`Հայաստանի եւ ԵՄ-ի միակ տարբերությունը ժողովրդարավարական երիտասարդությունն է, եւ չնայած դրան` Հայաստանը կարող է եւ պետք է ԵՄ-ին նաեւ ինքն առաջարկի ժողովրդավարական արժեքներ, քանի որ Հայաստանը արժեքների համայնք է: Օրեխան գտնում է, որ անհրաժեշտ է ընտրած ճանապարհով հետեւողական լինել, եւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց արժեքները պետք է հաղթեն Հայաստանում: «Վստահ եմ, որ Հայաստանը ԵՄ-ի մի մասն է, եւ Հայաստանի ապագան ԵՄ-ն է»,- ասաց Օրեխան:
Խորհրդաժողովի ժամանակ Օրեխան հանդես եկավ «Հայաստան-ԵՄ. ընհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն» թեմայով զեկույցով: