Լուրեր

ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է Դեղատուն հոգու համար խորագրով ցուցահանդես

27.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի <<ՀայԱրտ>> մշակութային կենտրոնում <<Դեղատուն հոգու համար>> խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները:
Աշխատանքները հիմնականում կերպարվեստի և քանդակագործության նմուշներով էին ներկայացված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված գործերին, զրուցել հեղինակների հետ:
Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշակութային օջախներին և հատկապես <<ՀայԱրտ>> մշակութային կենտրոնին ցուցաբերվող մշտական աջակցության համար` կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքն ինքնին պարտավորեցնում է հնարավորին բարձրաճաշակ ու մնայուն աշխատանքով հանդես գալ:
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ հանրության դատին է հանձնվել նաև քանդակագործ Հերիքնազ Գալստյանի հեղինակած <<Մշո ճառընտիրը փրկող կանայք>> արձանախմբի մանրաքանդակը:
Ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանում հավատարմագրված դեսպանների օժանդակությամբ, ներկայացվել էին նաև տարբեր ազգությունների հեղինակների գրքեր:
 

← Վերադառնալ ցուցակին