Լուրեր

ՀՀԿ երիտասարդների հանդիպումը ԵԺԿ փոխնախագահի հետ

27.04.2012

Ապրիլի 27-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհայի հետ: Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով հյուրին իր շնորհակալությունը հայտնեց երիտասարդների հետ առանձին հանդիպում ունենալու համար: Պարոն Մայորը նշեց, որ շատ տպավորված և ոգևորված էր ՀՀԿ երիտասարդների հետ իր նախորդ հանդիպումից և առաջարկեց այս անգամ ևս հարցուպատասխանի ձևաչափով շարունակել զրույցը:
Հանդիպման ժամանակ մասնակիցներն անդրադարձան մի շարք հարցերի, այդ թվում առանձնացնելով եվրոպական արժեքների ճգնաժամը, որն, ըստ պարոն Մայորի, մարդկանց մեջ է և բնորոշվում է որպես անձնական գործելակերպի ճգնաժամ: Առանձնացվեցին Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Ժողովրդավարության մասին խոսելիս ԵԺԿ փոխնախագահը հաստատեց այն դիտարկումը, որ կատարյալ ժողովրդավարության մթնոլորտը տիրում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն ինքն է առաջին հերթին փոխվում` միևնույն ժամանակ աշխատելով ուղղել նաև “ժառանգած հիվանդությունները”:
Պարոն Մայորը նաև նկարագրեց ԵԺԿ-ի և ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության եզրերը և ողջունեց այն փաստը, որ մոտ ապագայում նախատեսվում է ՀՀԿ երիտթևի անդամակցումը ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպությանը:
Հանդիպման ավարտին Մայորը կոչ արեց երիտասարդներին լինել ավելի նախաձեռնող և ակտիվ, քանի որ հենց երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը: 

← Վերադառնալ ցուցակին