Լուրեր
ՀՀ Նախագահն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարանի նորակառույց շենք
27.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Դիլիջանի երկրագիտական թանգարանի նորակառույց շենքի և այնտեղ ցուցադրվող բացառիկ հնագիտական ու գեղագիտական նմուշների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թանգարանի հին շենքը քանդվել է, և Դիլիջանի քաղաքային համայնքի բյուջեով` հատկացված 234 մլն դրամով, նրա տեղում կառուցվել է ժամանակակից հարմարություններով թանգարանային նոր շենք: Շենքը շահագործման է հանձնվել 2010 թվականի սեպտեմբերին, 2011 թվականի ապրիլի 1-ից բաց է այցելուների համար:
Դիլիջանի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1950 թվականին Եղիշե Հովսեփյանի կողմից: 1958 թվականին թանգարանում ստեղծվել է պատկերասրահ: Տարիների ընթացքում այստեղ հավաքվել և պահպանվում են 3000 և ավելի տարիների վաղեմություն ունեցող հնագիտական առարկաներ, ազգագրական և կենցաղային իրեր: Թանգարանի պատկերասրահում ցուցադրվում են աշխահահռչակ նկարիչների ստեղծագործություններ` (Հ. Այվազովսկի, Սուրենյանց, Սարյան, Թերլեմեզյան և այլն): Թանգարանի նախկին շենքը կառուցվել էր 1900-ականների սկզբին, տարիների ընթացքում խարխլվել էր և դարձել վթարային: