Լուրեր
ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարագավանքի վանական համալիրի բարենորոգման աշխատանքներին
26.04.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացավ Վարագավան գյուղի հարևանությամբ գտնվող միջնադարյան Վարագավանքի վանական համալիրի բարեկարգման աշխատանքներին:
Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ներդրման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության և բարերար Նորայր Խաչատրյանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ մշակույթի նախարարությունն անհատույց տրամադրում է հուշարձանի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկությունները, փաստավավերագրական նյութերը և նախագծերը: Համագործակցության շրջանակներում վերականգնող ճարտարապետ Մերի Դանիելյանի կողմից արդեն կազմվել է Նոր Վարագավանքի վանքային համալիրի կառույցների վերականգնման նախագիծը, որը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության: Համաձայն կազմված ՆՆՓ-ի, միայն Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման համար կպահանջվի շուրջ 120 մլն դրամ, որի ամբողջ ֆինանսավորումը կիրականացվի բարերարի կողմից ներդրված ֆինանսական միջոցներով:
ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով նախատեսվում էր Վարագավանքի պատմական հուշարձան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը: 2009 թվականին ՀՀ պետբյուջեի միջոցներով 4,5 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի 2,6 կմ հատվածը հիմնանորոգվել է ` 395 մլն դրամ արժեքով: Մնացած աշխատանքները իրականացնելու համար 2011 թվականին ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 339,4 մլն դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և Իջևանից-Բերդ տանող մայրուղուց մինչև վանական համալիր ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է:
Տավուշի մարզի Վարգավան գյուղից մոտ 2 մկ հարավ-արևմուտք անտառապատ լեռան լանջին է գտնվում Նոր Վարգավանք միջնադարյան վանքային համալիրը: Այն հիմնադրվել է Դավիդ Բ Կյուրեկյան թագավորի կողմից 1193-1198 թվականներին` կառուցելով վանքի հնագույն` Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը: Վանքի հյուսիսային կողմում կանգնուն է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է ճարտարապետ Գազան Անեցին, Դավիթ իշխանի որդի Վասակ Բ-ի հովանավորությամբ, 1224-1237 թվականներին: