Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակության անդամների հետ

26.04.2012

 Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը:Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը` շեշտելով, որ Երևանը բաց և պատրաստակամ է քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները. <<Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված և արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և Սանկտ Պետերբուրգի կառավարության անունից ողջունելով քաղաքապետին` Օլգա Կազանսկայան նշել է, որ Երևանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, և ռուսական կողմը կարևորում է Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը. <<Վստահեցնում եմ, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ այլ նաև որպես գործընկեր քաղաք և մենք բարձր ենք գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում>>,- նշել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը:Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են առավել խորացնել և ընդլայնել այս ուղղությամբ փորձի փոխանակումը և երկուստեք խթանել զբոսաշրջության զարգացումը։

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով բարեկամական, ջերմ ընդունելության համար` հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Երևանի պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը:
Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի քաղաքապետը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը պատասխանել են լրագրողների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին