Լուրեր

Կառավարությունը թեթևացնում է ՓՄՁ հարկային բեռը

26.04.2012

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ 2011 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և 2012 թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքում առաջին անգամ արտոնագրային վճար վճարելու ժամկետների առումով կարգավորումներ տրված չեն, կառավարությունն արձանագրել է, որ նշված օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված գործունեության տեսակների համար նախատեսված արտոնագրային վճարը 2012 թվականին առաջին անգամ (2012 թ. երկրորդ եռամսյակի համար) կարող է վճարվել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ։ Որոշմամբ կարգավորվում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկման մոտեցումները` կապված դրույքաչափերի, վճարումների կատարման պարբերականության հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս հարցը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստում բարձրացրել են խորհրդի անդամները։ «Սա իրականում հարկային բեռի հերթական թեթևացումն է փոքր բիզնեսի համար, - շեշտել է կառավարության ղեկավարը։ - Արտոնագրային վճարների բեռը նույնպես թեթևանում է։ Այսուհետև փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են արտոնագրային վճար իրականացնել ամսական, եռամսյակային, վեց, ինն և տասներկու ամսվա կտրվածքով։ Եթե անձն ուզում է եռամսյակային վճար կատարել, ավելի քիչ է վճարելու, եթե վեց ամսվա արտոնագիր է վերցնում, ավելի քիչ է վճարում, այսինքն` ինչքան ավելի երկար ժամանակի համար է արտոնագիր վերցնում, այնքան ավելի էժան է, և ավելի քիչ է վճարում։ Սա` առաջինն է, ամենակարևորը։
Երկրորդ` տաքսու վարորդ անհատ ձեռներեցների ավտոմեքենաների տեխզննումը տարեկան ոչ թե երկու անգամ է լինելու, այլ մեկ անգամ։
Երրորդ արտոնություն` քանի որ առաջին անգամ է այս նորմը ներդրվում Հայաստանի Հանրապետությունում, վճարը կարող է իրականացվել մինչև հունիսի 1-ը։
Չորրորդը վերաբերում է սննդի օբյեկտներին։ Մինչև 50 քառ.մ սննդի օբյեկտների համար մենք սահմանել էինք արտոնագրային վճար։ Միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներն արդարացիորեն մեզ դիմեցին, որ կան շատ ավելի փոքր սննդի օբյեկտներ` մինչև 20 քառ.մ, և դրանց համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որը 2.5 անգամ ավելի ցածր է, քան այսօր, այսինքն` նույնպես հարկային բեռի էական թեթևացում է տեղի ունենում»։
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ Երևանում և Երևանի մերձակայքում կան սննդի խոշոր օբյեկտներ, և արդարացի չէ, որ դրանք մուծեն նույնքան հարկեր, որքան փոքր և միջին բիզնեսը։ Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել կառավարություն, որպեսզի սննդի խոշոր օբյեկտները դուրս բերվեն արտոնագրային վճար մուծողների դասից։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Նախագահի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի նախագծին, որով ներկայացվող լուծումները համահունչ են երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և բխում են վերանայվող քրեական քաղաքականությունից։ Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահի ստորագրմանը։
Կառավարության հավանությունն են ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Ֆիրմային անվանումների մասին» և ևս 10 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով ՊԵԿ համակարգում ներդրում է անձնավորված հաշվառման համակարգը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին հանձնարարվել է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի մշակման և ներդրման հիմք ընդունել վերոհիշյալ օրենքների նախագծերը։


Տեխնոպարկը նոր շունչ կհաղորդի Գյումրի քաղաքին

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքը` 1 մլրդ 670 մլն 913 հազար 936 դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի և «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ի համատեղ ձեռնարկությունը։ Այժմ իրականացվում է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու ծրագիրը։ Մոտ ապագայում կստեղծվի շուրջ 6500 քառ.մ մակերեսով անշարժ գույքի ամբողջական համալիր, որտեղ կտեղակայվի նաև քաղաքի տեխնոլոգիական կենտրոնը։ Նշված մրցույթն անցկացվել է կենտրոնին տրամադրված շենքի հիմնանորոգման համար։ ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Գայի փ. N1 հասցեում գտնվող մարզադահլիճը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվել են «Դ-լինկ ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությանը, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր։ Ակնկալվում է, որ այն կնպաստի Գյումրին տեխնոլոգիական գոտու վերածելու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին այս բնագավառում տարեկան եղել է 30 տոկոս աճ, և դա կայուն աճ է։ «ՏՏ ոլորտի համաշխարհային համբավ ունեցող հինգ ընկերություններ Հայաստանը հայտարարել են իրենց տարածաշրջանային կենտրոն։ Դա նշանակում է, որ մոտակա 10 տարիների ընթացքում այս ոլորտում ունենալու ենք բարձր աճի տեմպեր։ Այս փոքր նախագիծը, որը ներկայացվեց, պետություն-մասնավոր համագործակցության վառ օրինակներից է, և կարևոր է, որ այն գործելու է Գյումրիում։ Ստեղծելու ենք նոր աշխատատեղեր, նաև ավելացնելու ենք հետազոտական կարողությունները ու նոր շունչ հաղորդելու քաղաքին։ Մոտակա տարիների ընթացքում սա ակնառու կլինի»։
Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով կառավարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թ. տրամադրած պետական վարկի միջոցների հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացրել է 500 մլն դրամ։ «Մուշ թաղամասը կտրված է քաղաքից, և չափազանց կարևոր է, որ նորմալ ճանապարհով կապվի Գյումրու հետ, - ասել է վարչապետը։ - Մենք հատկացնում ենք այս միջոցները, որպեսզի հնարավորին չափ արագ այդ ճանապարհը կառուցվի, որովհետև մայիսից ամբողջությամբ արդեն բնակարանները շահագործման կհանձնվեն, և բնակիչների համար մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք քաղաքի հետ կապ կապահովեն»։


Շինարարական աշխատանքը նոր թափ կստանա

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250 մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։ «Այս որոշումով հայտարարվում է 250 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքների սկիզբը, - նշել է կառավարության ղեկավարը։ - Միջազգային մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչվել փորձառու շինարարական կազմակերպություն, որն ունի միջազգային համբավ։ Ասիական զարգացման բանկը նույնպես հաստատել է այս առաջարկը։ Չափազանց կարևոր է, որ մենք սկսում ենք այս խոշորածավալ շինաշխատանքները, որովհետև ավարտում ենք 250 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ աղետի գոտու վերականգնման աշխատանքը, և հասկանալի է, որ համադրելի մասշտաբով խոշոր ծրագիր է անհրաժեշտ, որպեսզի նաև շինարարական ծավալները զարգանան մեզ մոտ։
Սա մեր խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Առաջին երկու տրանշներով մենք հատկացնում ենք 250 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, բավականին թափանցիկ աշխատանք է ծավալվել, բոլոր նախարարությունների մասնագետները, որոնք ներգրավված էին հանձնաժողովում, Ասիական զարգացման բանկի հետ մասնակցել են բանակցային գործընթացին»։
Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ծրագրի կառավարման խորհրդատուի» միջազգային բաց մրցույթի արդյունքը` 6 մլն 98 հազար 700 ԱՄՆ դոլար արժեքով հաղթող ճանաչելով «Սաֆեժ, Էս Ա» ֆրանսիական և «Էպտիսա» իսպանական կազմակերպությունների համատեղ ընկերությունը, որը, ՀՀ վարչապետի խոսքով, կազմակերպելու և վերահսկելու է ամբողջ գործընթացը, ինչն էապես թեթևացնելու է այն աշխատանքը, որը, մի կողմից, ընկնելու էր մեր ԾԻԳ-ի, իսկ մյուս կողմից՝ նախարարության վրա։ Դրա համար էլ Ասիական բանկի կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել, որ այս ֆինանսական կազմակերպությունը պատշաճ ձևով շինարարական աշխատանքները կազմակերպի։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում մենք կունենանք ժամանակակից ճանապարհներ, որոնք միջազգային չափանիշներով ապահովելու են արագ ընթացք։ Հասկանալի է, որ այս ճանապարհներն ունենալու են բետոնե ծածկույթ և բավական թանկ են լինելու»։
Հաշվի առնելով Երևան քաղաքում կառուցապատման որոշ ծրագրերով իրավիճակի պարզման և եղած խնդիրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ հանրային խորհրդի և «Սոս Բուզանդ դե Լյուքս» ՀԿ-ի առաջարկությունները, գործադիրը սահմանել է, որ Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում գտնվող անավարտ շինարարությամբ զբաղեցված 0.4200 հա հողամասն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվելու է Երևան համայնքին։ Որոշման ընդունմամբ և կատարմամբ կլուծվի մի կողմից` Բուզանդի 13-21 հասցեների անավարտ շինարարության ավարտման հարցը, մյուս կողմից Վիսկոն ՍՊԸ-ի գործունեությունից տուժած մոտ 100 իրավատերերին բավարարում տրամադրելու խնդիրը։
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգով սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Սևանա լճից 2012 թ. ոռոգման շրջանում մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 169 մլն խորանարդ մետր։
Հիմք ընդունելով կառավարության` Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու ավելի վաղ ընդունած որոշմամբ մարզում քաղցրահամ և հանքային ջրերի ու շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկը գերակա ճանաչելու հանգամանքը, գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Ուլաշիկի մաքրման կայանը փոխարինել նոր հիդրոտեխնիկական կառույցով և դրանով իսկ առավել արդյունավետ իրականացնել Արտավազ գյուղի ջրամատակարարումը։
Կայացվել են գույքի նվիրատվության և հանձնման որոշումներ

ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել ՀՀ համայնքների հողամասերի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ 171 անվանում անշարժ գույքը` կրթօջախների, թանգարանների, վարչական և այլ շենքերը պետությանը նվիրելու որոշում են կայացրել համայնքները։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամին նվիրաբերել Երևան քաղաքի Պ. Սևակի 1 հասցեում գտնվող օժանդակ շինությունը և համապատասխան հողատարածքը` ակադեմիայի աշխատակիցների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով բնակելի շենք կառուցելու պայմանով։
Գործադիրը թույլատրել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կողմից հանված գույքը` Արաբկիր-Քանաքեռ վազուրդի երկաթուղային գիծն ապամոնտաժել և հարակից հողային տարածքների հետ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։
Ընդերքօգտագործման ոլորտի իրավական դաշտի կարգավորման նպատակով ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, քանի որ 2012 թ. հունվարի 1-ից գործող ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքով ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում արդեն իսկ սահմանվել են լիազորված պետական մարմինները և սահմանազատվել նրանց իրավասությունները։
Իր նիստում կառավարությունը 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրության ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովների քանակի 32-ով ավելանալու հետ կապված ծախսը հոգալու համար ՀՀ ԿԸՀ-ին է հատկացրել մոտ 11.5 մլն դրամ։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչության կողմից 2011 թ. ապրիլին Երևանում անցկացված Առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նվիրված կատալոգի հրատարակումը պատվիրելու համար համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է գումարի կեսը` 12 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մյուս կեսը տրամադրելու է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը։
Հաղթանակի և Խաղաղության (մայիսի 9) և Հանրապետության (մայիսի 28) տոներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տոնական համերգի կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը կառավարության որոշմամբ տրամադրվել է 12.6 մլն դրամ։


Հստակեցվում է ռազմական կրթության բնագավառի քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը,
-Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2012 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` 49 մլն դրամ,
- Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով 2012 թ. իրականացվելիք ճանապարհների վերականգնման տեխնիկական հսկողության խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Կոքս քընսալթ» (Գերմանիա) կազմակերպությունը մոտ 968.5 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով։
Գործադիրը հավանություն է տվել արտադրության և սպառման թափոնների տեղադրման և վնասազերծման անվտանգ պայմանների ուղեցույցին, որի գործադրումը կնպաստի թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցության նվազեցման ու անվտանգության ապահովմանը։


Միջազգային համագործակցություն

Գործադիրը համաձայնություն է տվել մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքմանը ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Քաթարի Պետության կառավարությունների միջև շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Գործադիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին թույլատրել է ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ, ինչը թելադրված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ միջև կնքվելիք սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» և «Աջակցություն ընտանեկան բռնության կանխման ծրագրին» ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ։

← Վերադառնալ ցուցակին