Լուրեր

ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն նախընտրական դասընթացներ են անկացրել ՀՀ ոստիկանների համար

26.04.2012

 ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն Երևանում ամփոփել են Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական և մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին և կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում և վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների և ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում և հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն և թափանցիկություն, ինչպես նաև մամուլի հետ հարաբերություններ և հաղորդակցման մեթոդներ:

«Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարևոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա», - նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ` համոզմունք հայտնելով, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաև պատշաճ բանակցությունները ոստիկանության և ցանկացած բազմության միջև կարևոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշել է, որ ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են ԵՄ - Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարևոր է` թափանցիկության և հասարակական վստահության ապահովման առումով:

ՀՀ ոստիկանության պարեկային գնդի չորրորդ հատուկ գումարտակի զորքերի հիսունհինգ ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառել են ձեռքբերված գիտելիքները:

ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման և բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվել են դասընթացի ընթացքում:

Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ լինելով Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին