Լուրեր

ՀՀԿ առաջնորդը կարծում է, որ տարածքների անհամաչափ զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է

25.04.2012

 Հայաստան մտնող ֆինանսական ներդրումների հիմնական մասը պետք է ուղղորդվի դեպի համայնքներ` նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս մասին Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում, քաղաքում ու գյուղում մարդիկ ակնկալում են նվազագույն պայմաններ ունենալ, որպեսզի կարողանան սեփական միջոցներով արժանավայել աշխատանք ապահովել իրենց ընտանիքների համար:

«ՀՀԿ-ի ծրագիրը ոչ միայն դրան է ուղղված, այլև նպատակ ունի ապահովելու ավելի շատ խնդիրների լուծում: Ամեն մի քաղաքացի պետք է հավատա սեփական ուժերին, ակնակալի հետագա դրական փոփոխություններ, թե անձնական, թե ամբողջ պետության մակարդակով: Եթե մենք այդ պարզ ճշմարտությունը չընկալենք, ապա չենք կարող հաջողություններ ապահովել մեզ համար»,- նշեց ՀՀԿ առաջնորդն` ընդգծելով, որ հանրապետականի հիմնական նպատակն է տիրոջ զգացումի արթնացումը քաղաքացիների մեջ:

Խոսելով պետության տնտեսական զարգացման խոչնդոտների մասին` Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ տարածքային անհամաչափ զարգացումը լուրջ խոչընդոտ է լինելու Հայաստանի հետագա սոցիալտնտեսական զարգացման համար:

«Մեր նպատակներից է այդ տարբերության վերացումը: Մենք ստեղծելու ենք բարեկեցիկ երկիր բոլորի` երկրագործի, շինարարի, տարեցի ու երեխայի համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Մարտունու բնակիչների հետ հանդիպումից հետո, հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը եղավ նաև Ներքին Գետաշեն համայնքում, որտեղ հանդիպեց գյուղի ու հարակից համայնքների բնակիչների հետ, ծանոթացավ վերջիններիս խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին