Լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անին ընդգրկել է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

25.04.2012

 Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված իր նախնական ցուցակը և հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով: Քննության առնելով այդ առաջարկները, որոնց թվում ներկայացված է եղել նաև Անի քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հկ-ից, այսուհետ, Թուրքիայի` ի թիվս 38 հուշարձանախմբերից բաղկացած նախնական ցուցակում գրանցված այլ բացառիկ արժեքների, Անի պատմական քաղաքը ևս սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման իր հերթին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախանական ցուցակները կազմվում են Համաշխարհային ժառանգության կոնվենցիային անդամակցող պետությունների կողմից` ի կատարումն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի: Դրանք ենթակա են վերանայման առնվազն 10 տարին մեկ անգամ: Ընթացակարգի համաձայն որևէ մշակութային կամ բնության արժեք չի կարող գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, եթե այն ներկայացված չէ տվյալ երկրի նախնական ցուցակում: Անիի` որպես «բացառիկ համաընդգրկուն արժեքի», հիմնավորումը Թուրքիան ներկայացրել է համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ չափորոշիչների: Այդ հիմնավորման մեջ մասնավորապես նշված է Անիի ճարտարապետական դպրոցի մեծ ազդեցությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, Անին` որպես հայկական մշակույթի, արվեստի ու ճարտարապետության, քաղաքաշինության, ինչպես նաև ռազմապաշտպանական ճարտարապետության եզակի օրինակ: Առաջարկի հիմնավորման մեջ նշված է նաև, որ 1001թ. Տրդատ ճարտարապետի կողմից կառուցված Անիի Գագկաշեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հորինվածքը մեծապես կրում է 7-րդ դարի կեսին կառուցված Զվարթնոցի տաճարի ազդեցությունը, ինչպես նաև կարելի է հանդիպել բյուզանդական շատ եկեղեցիներ, որոնք կրել են Անիի եկեղեցիների հատակագծային ազդեցությունը:

← Վերադառնալ ցուցակին