Լուրեր
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Սաղայիանի հետ
25.04.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում և նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացմանը և կապերի ամրապնդմանը նպաստելու համար:
Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, որը նպաստել է նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը:
Գոհունակություն հայտնելով երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացման և զարգացման ընթացքից՝ արձանագրվել է, որ 2007-2011 թվականների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 180 մլն դոլարից հասել է 323 մլն դոլարի:
«Պետք է ջանանք, որպեսզի մեր նախանշած բոլոր նախագծերն իրականացվեն: Այդ առումով կարևորում եմ Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը, նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը, միջմարզային համագործակցությունը, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի շինարարության մեկնարկը»,- ասել է դեսպանը: Սեյեդ Ալի Սաղայիանը վստահեցրել է, որ հետագայում ևս շարունակելու է գործել՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերություների ամրապնդման և զարգացման:
Դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ընթացիկ տարում սպասվում է Իրանի իր գործընկերոջ այցը Երևան, ինչը ևս կխթանի հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Տիգրան Սարգսյանը դեսպանին մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: