Լուրեր

Վարչապետն արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ներքո ծանոթացել է հայ-շվեյցարական արտադրական ընկերության զարգացման ծրագրերին

25.04.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ճյուղերից՝ ճշգրիտ ճարտագիտության բնագավառում գործունեություն իրականացնող հայ-շվեյցարական «ԱՍՏՐԱ» ընկերություն: Այն իրականացնում է կարծր համաձուլվածքից բարձր ճշգրտությամբ ֆրեզների և գայլիկոնների արտադրություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին:
Տեղեկացվել է, որ ընկերությունը հագեցած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչի շնորհիվ նրա արտադրանքը կիրառվում է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էլեկտրոնային, բժշկության, ժամագործության, ոսկերչության և այլն: Արտադրանքի համար նախատեսված հումքը ձեռք է բերվում այնպիսի հանրաճանաչ ընկերություններից, ինչպիսիք են՝ «Konrad Friedrichs»-ը, «Sandvik»-ը, «Plansee Tizit-ը», «Hard Mettal»-ը և այլն:
Ընկերությունը 2011 թվականին թողարկել է մոտ 34.5 մլն դրամի արտադրանք` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 132.7 տոկոս աճ, իսկ իրացումը կազմել է 31 մլն դրամ, որից մոտ 8 մլն-ն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 13 մարդ:
«ԱՍՏՐԱ» ձեռնարկության հիման վրա 2011-ին հիմնադրվել է նաև «Աստրա Կրիստալս» ընկերությունը: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է այստեղ կազմակերպել տեխնիկական բյուրեղների աճեցում և վերամշակում, ինչպես նաև տեխնիկական սապֆիրի մաքուր հումքի տեղական արտադրություն:
Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կառուցում է նոր գործարան, որը հագեցած է լինելու ռուսական և չինական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ինչը թույլ կտա արտադրական առավելագույն հզորությունը հասցնել ամսական մոտ 2 տոննա բյուրեղի և 3 տոննա մաքուր հումքի: Առաջնային հումքի ձեռքբերումը կիրականացվի Չինաստանից և ԱՊՀ երկրներից: Վերջնական արտադրանքի կիրառման ոլորտները շատ լայն են արտաքին շուկայում: Ընկերության հիմնական ուղղվածությունը լինելու է լուսադիոդային շուկան, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը: Նախատեսվում է նաև իրագործել լազերային և օպտիկական էլեմենտների մշակում, բազմաթիվ տեսակների հատուկ կիրառման պատուհանների պատրաստում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 9 մլն դոլար:
Գործարանի շինարարությունը ներկայումս ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է մինչև 2012թ. հունիս: Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվում է կազմակերպել ամսական 1 տոննա թողունակությամբ արտադրություն, որից հետո 9 ամսվա ընթացքում սարքավորումների համալրման արդյունքում հզորությունը կրկնապատկվի:
Ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 20 աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ երկրներում:
Ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի երեք տարի ժամկետով հետաձգման թույլտվություն ստանալու նպատակով ընկերությունը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը:

← Վերադառնալ ցուցակին