Լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2012

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով և պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց չի հաջողվել ոչնչացնել հայությունը, չի հաջողվել ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը, չի հաջողվել խլացնել պատմական ճշմարտության ձայնը և լռեցնել այն մարդկանց և պետություններին, որոնք հայ ժողովրդի կողքին են` հանուն արդարության հաղթանակի և մարդկության դեմ գործվող ոճիրների բացառման:
Մեր երկրում այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների հիշատակը` համոզվածությամբ, որ վաղ թե ուշ Թուրքիան առերեսվելու է իր պատմությանը և ցեղասպանության հրեշավոր հանցանքին տրվելու է համապատասխան գնահատական: Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը` մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի հսկայական ցավը: Մենք պարտավոր ենք շարժվել դեպի ապագա` կերտելով մեր պետականության ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը:

← Վերադառնալ ցուցակին