Լուրեր

Հայոց ցեղասպանության վկայությունները պահպանող Էսքիջյան թանգարանն ամերիկացիներին կհիշեցնի Թուրքիայի ոճրագործության մասին

24.04.2012

Լոս Անջելեսում գտնվող Արարատ Էսքիջյանի անվան թանգարանը ապրիլի 24-ին ամերիկացիներին կներկայացնի 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով dailynews-ը, թանգարանում խնամքով պահպանված են թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերի` ժառանագաբար իրար փոխանցած Աստվածաշունչ, հարսանյաց արարողությունների համար պատրաստված ձեռագործ թաշկինակներ, ծննդյան վկայագրեր, այլ փաստաթղթեր:

«Հայոց ցեղասպանությունից գրեթե հարյուր տարի անց դրանց որոշ մասը խնամքով պահված են Սան Ֆերնանդոյի շրջանում` Արարատ Էսքիջյանի անվան թանգարանում»,- գրում է dailynews-ը` մանրամասն նկարագրելով թանգարանի շքամուտքում վեր խոյացող, մոխրից վեր հառնող Մայր Հայաստանի արձանը:

Լոս Անջելեսի Արարատ տան հարեւանությամբ գտնվող թանգարանը հիմնադրվել է Ցեղասպանությունը վերապրած Լյութեր Էսքիջյանի կողմից: Նպատակը հայկական մշակույթն ու պատմական արժեքները` Հայոց ցեղասպանության տարիների ճարտարապետության, արվեստի, գրականության, քարտեզների նմուշները, պահպանելն է:

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման մի շարք միջոցառումներ են անցկացվելու` այդ թեմայով դասախոսություններ եւ ցույցեր:

← Վերադառնալ ցուցակին