Լուրեր

Գերմանիայում Թուրքիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

24.04.2012

Գերմանիայում գործող «Ցեղասպանությունների դեմ ընկերություն»-ը տարածել է հաղորդագրություն, որում քննադատել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք պահանջում են Թուրքիայի Հանրապետությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կատարել դրանից բխող բոլոր պարտավորությունները:

«Չնայած Օսմայնան կայսրությունում գործված ոճիրից հետո անցել է 97 տարի` այդուհանդերձ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը շարունակվում է հերքվել: Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է շուրջ 3.5 միլիոն հայերի անշիրիմ դիակների վրա»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպության անդամները հայտնել են, որ իրենք մինչև վերջ և ամենայն անկեղծությամբ պայքարելու են իրենց մարդկային պարտքը կատարելու համար: Նրանք հայտարարել են, որ իրենք ամեն բան անելու են ապագա սերունդներին իրազեկ պահելու համար:

Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ ապրիլի 24-ին «Ցեղասպանությունների դեմ ընկերության» ներկայացուցիչ Նուրան Մարաշլըն ծաղկեպսակ կդնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և որոշ ժամանակ Հայաստանում մնալուց և իր պարտականությունները կատարելուց հետո նոր միայն կվերադառնա Գերմանիա:

← Վերադառնալ ցուցակին