Լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել Մոսկվայում

24.04.2012

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, արարողության մասնակիցները հավաքվել են Ուկրաինա հյուրանոցի դիմաց և կրել են կարմիր շապիկներ, որը խորհրդանշել է հայերի արյունը:

Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհված հայերի հիշատակը` մասնակիցները գոռում-գոչյուններով բողոքներ են հնչեցրել Թուրքիայի դեմ: Ռուսաստանաբնակ հայերն իրենց ձեռքերում պահել են հսկայական պաստառ, որում գրված է եղել. «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող հանցանք է: Արդարությունն անպատճառ կհաղթանակի»:

Ներկաները նշել են, որ իրենց նպատակը Ռուսաստանի ուշադրությունը ևս մեկ անգամ այս հարցի վրա բևեռելն է և ստիպելը աշխարհի երկրներին` Թուրքիայի գլխավորությամբ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մոսկվայում հայերի երիտասարդական թևի առաջնորդ Անդրեյ Հովսեփյանը նշել է, որ նման բողոքի միջոցառումներն իրենք շարունակելու են առաջիկա օրերին մշակութային, կրթական, քաղաքական բնագավառներում, կազմակերպվելու են տարբեր ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, կլոր սեղանի շուրջ հավաքներ: «Շարունակելու ենք հանդես գալ Թուրքիայի դեմ»,- ասել է Հովսեփյանը:

← Վերադառնալ ցուցակին