Լուրեր

Թուրքիայի նախկին նախագահ Օզալը նախաձեռնել էր լուծել Հայկական հարցը. խորհրդական

24.04.2012

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը Հայկական հարցը լուծելու նախաձեռնություն էր սկսել, ինչը լրջորեն անհանգստացրել էր Թուրքիայի այն ժամանակվա իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Aksion հանդեսին պատմել է Թուրքիայի վարչապետի այն ժամանակվա գլխավոր խորհրդական Հասան Ջալալ Գյուզելը: Նրա խոսքով` Օզալը ցանկացել է լուծել Ցեղասպանության խնդիրը եւ Վանում հայերին հող հատկացնել:

«Թուրքիայի 8-րդ նախագահ Օզալը, որը 1993 թ-ին մահացել է կասկածելի հանգամանքներում, փորձ է արել լուծել Հայոց ցեղասպանության խնդիրը, ինչի համար աշխատանքային խումբ է ստեղծել եւ պահանջել ուսումնասիրել թուրքական եւ արտասահմանյան արխիվներն ու գրավոր զեկույց պատրաստել», -ասել է Գյուզելը: Նա պատմել է, որ Օզալի այդ նախաձեռնության առթիվ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում լուրջ անհանգստություն են հայտնել զինվորականները, ովքեր ամեն կերպ խոչընդոտում էին արխիվներում 1915 թ-ի վերաբերյալ ուսումնասիրություններին:

Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Նուզհեթ Քանդեմիրը նշել է, որ Օզալն ամեն անգամ ԱՄՆ այց կատարելու ժամանակ հանդիպել է սփյուռքահայության ազդեցիկ ներկայացուցիչների հետ եւ նրանց հրավիրել Թուրքիա: «Նրանք ուզում են, որ մենք ճանաչենք Ցեղասպանությունը: Եթե ճանաչենք, ինչքա՞ն է լինելու դրա գինը», -1991 թ-ին նման մի հանդիպումից հետո թուրք պաշտոնյաների հետ զրույցում ասել է Օզալը:

Նշվում է նաեւ, որ սփյուռքահայության հետ հարաբերությունները կարգավորելու համար Օզալը ցանկացել է Վանում հայերին անվճար հող հատկացնել, սակայն, նրա այդ նախաձեռնությունը եւս չի ընդունվել զինվորականության եւ ազգայնական շրջանակների կողմից:

Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թ-ին կասկածելի հանգամանքներում: Նրա կինը եւ որդին պնդում են, որ նա սպանվել է լիմոնադից թունավորվելու արդյունքում: Օզալի հարազատները փորձում են նրա կասկածելի մահվան վերաբերյալ նոր դատավարություն սկսել Թուրքիայում:

← Վերադառնալ ցուցակին