Լուրեր

ԱՄՆ Հայ դատն Օբամային կրկին կոչ է արել Ցեղասպանության ճանաչման հարցում իմաստավորելու խոստումները

24.04.2012

ՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հնարավորություն ունի Ցեղասպանության ճանաչման հարցում իմասատվորել իր խոսքերը` իրականացնելով Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ոգեկոչման մասին իր խոստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր հայտարարությունում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ի պատասխան նախագահ Օբամայի` ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում Yom HaShoah հիշատակման օրվա կապակցությամբ ապրիլի 23-ի ելույթի: «Նախագահ Օբաման ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում ունեցած իր ելույթում, խոսելով զոհված հրեաների մասին, ընդգծեց «նորից երբեք» արտահայտությունը այն դեպքում, երբ նրա ելույթի հենց հաջորդ օրը նշվում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Նա մեջբերեց մի քանի այլ ցեղասպանություններ, սակայն ամբողջապես լուռ մնաց հայերի ցեղասպանության մասին` այն հանցագործության, որը նա, որպես ԱՄՆ Սպիտակ տան թեկնածու, այնքան հաճախ էր խոստանում ճանաչել»,-նշել է Արամ Համբարյանը:

Որպես սենատոր եւ նախագահի թեկնածու` Օբաման բազմիցս հորդորել է ԱՄՆ նախկին նախագահ Բուշին պատշաճ կերպով բնութագրել Հայոց ցեղասպանությունը եւ նախագահ դառնալու դեպքում խոստացել ճանաչել ոճրագործությունը:

2008 թ. հայտարարությունում այն ժամանակ դեռեւս սենատոր Օմաբան պարզ նշել է. «Որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Հոլոքոստի հիշատակի թանգարանում նախագահ Օբամայի «Նորից երբեք» կարգախոսով ելույթը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, որից մեկ օր անց ամերիկահայերը հարգելու էին 1.5 մլն զոհված հայերի հիշատակը:

ԱՄՆ 42 նահանգ եւ գրեթե 20 երկիր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ Նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թ-ին այս հանցագործությունը ճանաչել է որպես Ցեղասպանություն:

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր միջազգային քարոզարշավները:

← Վերադառնալ ցուցակին