Լուրեր

Գերմանիայի դեսպանը կարծում է, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

24.04.2012

Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, եւ բարեկամություն հաստատվի երկու ժողովուրդների միջեւ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում նշել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդթը: Նրա խոսքով` ինքը երեք տարի անընդմեջ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու այն զոհերի հիշատակին, ովքեր զոհվել են շուրջ հարյուր տարի առաջ:

«Պետք է հիշել այն, ինչ տեղի է ունեցել, սակայն անհրաժեշտ է նայել դեպի ապագա»,- ասաց դեսպանը: Նա շեշտեց, որ ինքը գոհ է եղել այն հանգամանքից, որ Հայաստանում ցուցադրվել է ֆիլմ, որտեղ ներկայացվել է գերմանացիների հետաքրքրությունը եղածի նկատմամբ:

«Եթե ցանկանում ենք կառուցել ապագա, պետք է հիշել անցյալը. այդպես վարվեցին գերմանացիները, որը պատասխանատվության զգացման արտահայտության մասին է խոսում»,- հավելեց Շմիդթը:

Նա նաեւ նշեց, որ թեեւ նոր սերունդը մեղավոր չէ եղածի համար, սակայն եթե Թուրքիան ցանկանում է Եվրամիությանը միանալ, ապա պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը:

← Վերադառնալ ցուցակին