Լուրեր

Գեղարքունիքում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24.04.2012

Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման եւ ոգեկոչման արարողությունը Գեղարքունիքի մարզում սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Գավառի «Բեկոր» խմբի կողմից կազմակերպած ջահերի երթով, որը սկսվեց Գավառի պետական համալսարանից եւ ավարտվեց Գավառի կենտրոնական հրապարակում գտնվող, Հայոց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 24-ի առավոտյան Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գանձակի գյուղապետ Վանիկ Համարզպետարանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գանձակի գյուղապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների, փրկարար ծառայության աշխատակիցները, հազարավոր քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գավառի կենտրոնական հրապարակի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին՝ խոնարհվելով հայ անմեղ նահատակների անշիրիմ անունների առջեւ: Այնուհետեւ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները շարունակվեցին քաղաքի կրթամշակութային հաստատություններում: Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման ու ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաեւ մարզի քաղաքային եւ երկու տասնյակից ավելի գյուղական խոշոր համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին