Լուրեր
Կանադայի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2012
Կանադայի վարչապետ Սթեֆեն Հարփերն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի վարչապետի լրատվական ծառայությունը:
«Այսօր մենք հիշում ենք 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում պատահածի հետեւանքով բազում կյանքերի սարսափելի կորուստը եւ հայ ժողովրդի ապրած տառապանքը: Կանադայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձեւ, որով այս դեպքերը ճանաչվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Սա այն օրն է, երբ մենք պետք է գիտակցենք ոչ միայն չթողնել մեղքերը հեռավոր անցյալում, այլ ուղղորդենք մեզ դեպի ավելի լավ ապագա: Այն մեզ բոլորիս հիշեցնում է, թե ինչու մենք պետք է հավատարիմ մնանք այն համոզմունքին, որ այսօրվա աշխարհն այն աշխարհն է, որտեղ հարգանքը մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների նկատմամբ գերիշխում է: Այսօր ծագումով հայ եւ թուրք կանադացիներն ապրում են միասին` կիսելով հանդուրժողականության եւ հրապարակայնության մեր արժեքները: Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ուղիներ փնտրելու ջանքերին, որոնց մեջ են մտնում սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ 1915 թ-ի իրադարձությունների վերաբերյալ երկխոսությունների իրականացումը: Հիշատակի այս օրը մենք խրախուսում ենք երկու կողմերին, որոնք ձգտում են հանգել ընդհանուր եզրակացության եւ փոխըմբռման` ազնվությամբ եւ բարի կամքի ոգով: Մենք միանում ենք այսօր ձեզ` հիշելու անցյալը եւ կիսում ապագայի հույսը` հիմնված խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա»,-եզրափակել է Կանադայի վարչապետը: