Լուրեր

Բրազիլական լրատվամիջոցներն անդրադարձել են Ցեղասպանությանը նվիրված հայկական համայնքի միջոցառումներին

24.04.2012

Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:

ՀՀ արտգործնախարարությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ, երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին: Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր:

Ավելի քան երկու ժամ տևած քայլարշավի դադարներին տեղի էին ունենում ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության, ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական Սբ. Գրիգոր եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ են մատուցվել նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվել են դեպի Արմենիա հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն:

Միջոցառման ընթացքում նրա մասնակիցներին բաժանվել է պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի 2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

← Վերադառնալ ցուցակին