Լուրեր

Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի մասին

24.04.2012

Թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի լուծված չլինելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթում Բիրանդը գրում է. «Ամեն տարվա նման այսօր էլ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիան մտահոգվելու է, թե ինչ է բերելու Հայկական հարցն իրեն, թե այս անգամ ինչ է ասելու Վաշինգտոնը: Մի քանի օր խոսելու ենք այս մասին, հետո ամեն ինչ դարձյալ մոռացվելու է: 2015 թ-ին ընդառաջ ճնշումն ավելի է աճելու: Իսկ Թուրքիան ամեն անգամվա նման շարունակելու է սպառնալիքներ տեղալ եւ կոշտ արձագանքներ տալ: Սակայն, այդ ամենը մի օր այլեւս արդյունք չեն տալու, քանի որ աշխարհի մի մասն արդեն ճանաչել է ցեղասպանությունը»:

Նա նշում է, որ իր գրասենյակը օրերս ստացել է գերմանացի ճանաչված գրող-հրապարակախոս Ֆոլֆգանգ Գյուստի 1000 էջանոց թուրքերեն թարգմանված գիրքը, որտեղ հրապարակված են գերմանական արխիվներում պահպանված 1915-1916 թթ-երին վերաբերվող փաստաթղթեր: «Գիրքը անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն թարգմանվելուց հետո թարգմանվել է նաեւ թուրքերեն, որպեսզի թուրքերը տեսնեն դրանք եւ հասկանան, որ ոչ թե թշնամություն են անում, այլ պարզապես փորձում են ներկայացնել ճշմարտությունը», - գրում է Բիրանդը:

Թուրք վերլուծաբանը նշում է, որ Ցեղասպանության մասին թուրքական պաշտոնական տեսակետը հենվում է միայն սեփական թուրքական աղբյուրների վրա, ինչին միջազգային հանրությունը չի հավատում: «Եկեք չխաբենք իրար: Պետք է ուսումնասիրել արտասահմանյան երկրների արխիվները, եւ այն ժամանակ ճշմարտությունը կբացահայտվի»,- Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս Բիրանդը:

← Վերադառնալ ցուցակին