Լուրեր

Ադամ Շիֆը կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը

24.04.2012

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը ապրիլի 24-ին ներկա կգտնվի Մոնտեբելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, հարգանքի տուրք կմատուցի անմեղ հայ զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով pasadenastarnews-ը, հուշարձանը կանգնեցվել է 1965 թվականին Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի որոշմամբ. այն խորհրդանշում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը եւ կառուցվել է ի հիշատակ 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում կոտորված 1.5 մլն անմեղ հայերի:
«Փաստերն ակնհայտ են, հիմնավորված ու անժխտելի. 1.5 մլն հայ է սպանվել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ընթացքում»,- ասել է Շիֆը` Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացնելիս, ընդգծելով, որ քանի դեռ կան Ցեղասպանությունը վերապրածները, բոլորի բարոյական պարտքն է անցյալը չմոռանալը:

← Վերադառնալ ցուցակին