Լուրեր

Թուրք իրավաբանը կարծում է, որ թուրքերը պետք է ամաչեն 1915 թ-ի դեպքերի համար և ներողություն խնդրեն

24.04.2012

Թուրքիայում հայտնի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան, Մարդու իրավունքների կազմակերպության փոխնախագահ Էրեն Քեսքինը տարածել է հաղորդագրություն, որում 1915 թվականի դեպքերն անվանել է «ցեղասպանություն»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Sesonline-ը:

Քեսքինը պատմել է Աղավնի անունով մի աղջկա մասին, ով վերապրել է Ցեղասպանության տարիների բոլոր դառնությունները: Թուրք իրավաբանը պատմել է, թե ինչպես է հայ աղջիկը տեսել իր բարեկամների և հարազատների մահը, իրենց բնակավայրի` Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանում քաղաքական առաջնորդների ձերբակալություններն ու մահը: Աղջկա քարավանը քայլել է շուրջ յոթ ամիս, որի ընթացքում Աղավնին ականատեսն է եղել Եփրատի ջրերում հազարավոր հայ կանանց ինքնասպանությունների, ջրում լողացող հազարավոր հայերի դիակների: Արդեն Դեր-Զորում հայուհին միայնակ էր մնացել: Հետագայում Աղավնին ողջ է մնում, երկրորդ անգամ ամուսնանում է և նորածին երեխային անվանում է իր առաջին ամուսնու անունով` Պետրոս:

«Այո, այս պատմությունը մի ֆիլմից կամ վեպից վերցված չէ: Սա մի մարդու, մի ընտանիքի, մի ազգի դրաման է: Սա մի ցեղասպանության լուսանկար է: Բոլորը, բոլոր նրանք, ովքեր մինչ օրս չեն տեսել, չեն ցանկացել տեսնել, չեն հավատացել կամ եթե հավատացել էլ են, ապա ոչինչ չեն արել, հավատացել են պետության հորինած ստերին, լռել են, մեղավոր են: Եվ մեզ միայն մեկ բան է մնում անել` ամաչել և ներողություն խնդրել»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը:

← Վերադառնալ ցուցակին