Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը Երևանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսավոր արարողության ժամանակ

23.04.2012

 Ապրիլի 22-ին Երևանը հանդիսավորությամբ ստանձնեց գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը։ Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է.
<<Շուրջ 3-հազարամյա պատմություն և մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգևորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը:
Գիրն ու գրականությունը միշտ էլ կարևոր տեղ ու դեր են ունեցել մեր ժողովրդի համար: Նաև դրա շնորհիվ է, որ դարերի ընթացքում կարողացել ենք դիմագրավել ճակատագրի բազմաթիվ փորձություններին:
Աշխարհում քիչ քաղաքներ կան, որ Երևանի պես կարող են հպարտանալ ծննդյան սեպագիր վկայականով: Դեռևս մեր թվարկությունից առաջ 782 թվականին Հայոց Արգիշտի արքան է այդպես վավերացրել մեր քաղաքի ծնունդը:
Մեր բազմադարյա պատմությունը գրագիտության, գրի ու գրքի հանդեպ մեծ ակնածանքի ու պաշտամունքի հասնող սիրո բազում վկայություններ ունի՝ գրի և գրչության հեթանոսական Տիր Աստծուց սկսած մինչև հայոց այբուբենին նվիրված մերօրյա հուշարձանները։
Հայոց ոսկեդարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծմանը հաջորդեց հայ հանճարների կողմից մագաղաթյա բազմաթիվ մատյանների ու գրքերի ստեղծումը: Պատահական չէ նաև, որ հայատառ առաջին նախադասությունը իմաստնություն ճանաչելու խրատ է պատգամում:
Հպա՛րտ եմ, որ բազմադարյա գրական մշակույթ և 500-ամյա տպագրություն ունեցող մեր երկիրն այսօր ստանձնում է գրքի, գրականության և, ընդհանրապես, մշակույթի քարոզչության միջազգային պատասխանատվության մի մասը:
Վստահեցնու՛մ եմ, որ Երևանը հատկանշական դերակատարում կունենա՛ իր այս առաքելության մեջ և հաջորդ տարի պատվաբեր տիտղոսը Բանգկոգին կփոխանցի բովանդակային առումով հագեցած, առավել կարևորված ու հարստացած։
Ավարտելով, նաև կվստահեցնեմ, որ Երևանը ողջ տարվա ընթացքում պատրա՛ստ է սիրով հյուրընկալելու Ձեզ բոլորիդ և միջազգային գրասեր հանրությանը:
Միասի՛ն ամրագրենք մեր ապագան:
Շնորհակալություն>>։

← Վերադառնալ ցուցակին