Լուրեր

ՓՄՁ խորհրդի նիստում քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

23.04.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին: Այս խնդիրը դարձել է բուռն քննարկման առարկա, որովհետև այս նորմն սկսել է կիրառվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք տարբեր ոլորտներից հարցադրումներ ենք ստանում, թե ինչպես պետք է արտոնագրային վճարի այս նորմը կիրառվի, և արդյոք հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարել օրենսդրության և պրակտիկայի մեջ, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք: Ես հանձնարարել էի Ֆինանսների նախարարությանը և Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի միասին քննարկեն այդ բոլոր հարցադրումները և մեզ առաջարկեն այնպիսի լուծումներ, որոնք, մի կողմից, պետության համար վարչարարության իրականացման տեսանկյունից խնդիրներ չեն առաջացնի, մյուս կողմից` բարենպաստ պայմաններ կստեղծեն փոքր և միջին բիզնեսի համար»:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը մանրամասներ են ներկայացրել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:
Մասնավորապես, առաջարկվում են հետևյալ փոփոխությունները`
1.Հնարավորություն ընձեռել հարկ վճարողներին արտոնագրային վճարները կատարել նաև ամսեկան պարբերականությամբ, ինչպես նաև եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածների համար ձեռք բերվող արտոնագրերի համար սահմանել արտոնագրային վճարի` ամսական դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր,
2.Հանրային սննդի ոլորտում` մինչև 50 մ2 տարածքի համար նախատեսված` արտոնագրային վճարի նվազագույն չափը տարանջատել մինչև 20 մ2 և 21-50 մ2 տարածքների համար արտոնագրային վճարների չափերի, ինչը հնարավորություն կտա հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող գերփոքր մինչև 20 մ2 տարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին գործող կարգի համեմատ 2.5 անգամ ավելի պակաս արտոնագրային վճար վճարել,
3. Բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անձանց հնարավորություն տալ` միևնույն թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրման գործունեությունն իրականացնել մեկ արտոնագրով,
4. Վերանայելով 2012 թ. երկրորդ եռամսյակի համար արտոնագրային վճարների վճարման վերջնաժամկետները` հնարավորություն ընձեռել 2012 թ. երկրորդ եռամսյակի համար արտոնագրային վճարը կատարել եռամսյա ժամանակահատվածի համար առաջին արտոնագրի գործողության ժամկետում` մինչև 2012 թ. հունիսի 1-ը ներառյալ
5. Հնարավորություն տալ սեփական մեքենա ունեցող անհատ ձեռներեցներին մեքենայի տեխզննում անցկացնել տարեկան ոչ թե երկու, այլ մեկ անգամ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, նիստի մասնակիցների կողմից արծարծվել են ներկայացված փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ նշված փոփոխություններով արտոնագրային վճարումների բնագավառում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ և նորամուծություններ, որոնք էապես կհեշտացնեն փոքր և միջին բիզնեսի գործունեությունը:
Խորհուրդը հավանության է արժանացրել վերոհիշյալ մոտեցումները և հանձնարարել Ֆինանսների նախարարությանը և Պետական եկամուտների կոմիտեին համատեղ մշակել կառավարության որոշման նախագիծ և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ` նշված նորմերի կիրարկումն ապահովելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին