Լուրեր

Օղակաձև զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Մշո ճառընտիրը փրկած կանանց հուշարձանը

23.04.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիսավորությամբ բացել են <<Վարք հավերժության>> խորագրով՝ Մշո ճառընտիրը փրկող կանանց արձանը: Արձանի բացմանը ներկա են եղել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության առիթով արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:Հուշարձանի հեղինակ Դավիթ Երևանցին շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարին և բոլոր ներկաներին, ում սերն ու համակրանքը քանդակագործը որպես մեծ աջակցություն է գնահատել: Քանդակագործը հատկանշել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը. <<Հարգարժա՛ն քաղաքապետ, Ձեր բոլոր աշխատակիցները այս գործին մասնակցել են ամենամեծ սիրով, հարգանքով, համակրանքով ու հավատքով: Արձանը տեղադրելու այս 10 օրերի ընթացքում մենք բարեկամներ դարձանք>>,- նշել է Դավիթ Երևանցին: Մշո ճառընտիրը փրկող կանանց հուշարձանը կանգնեցվել է Երևանի <<Օղակաձև>> զբոսայգու Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի հատվածում:

 

← Վերադառնալ ցուցակին