Լուրեր

«ՀՀԿ-ի ուժն իր վայելած ժողովրդականության մեջ է». Սերժ Սարգսյան

23.04.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 23-ին հանդիպեց Երեւանի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: Ինչպես փոխացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ Նորք Մարաշը միասնական համայնքներից է: «ՀՀԿ-ն համերաշխության ջատագովներից է: Մեզ հաջողվել է վերացնել պառակտվածության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, եւ գալիք ընտրությունները մենք պատկերացնում ենք հենց այդ մթնոլորտում»,- ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա նշեց, որ կուսակցությունն արել է ամեն բան, որ հաստատվի դրական մթնոլորտ եւ քաղաքական մշակույթ: «Մենք գիտենք, որ ընտրությունների ժամանակ ձայների մեծ թիվ ստանալը մեծամտանալու առիթ չէ. մենք շարունակելու ենք հավատարիմ լինել մեր վարած քաղաքականությանը: Ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչել»,- նկատեց Սարգսյանը: Նրա խոսքով` բոլոր թերահավատները պետք է նայեն ՀՀԿ-ին եւ տեսնեն, որ իրենք այն առաջատար ուժն են, որը ներգրավել է մտավորականներին, երիտասարդներին, կանանց, անկուսակցականներին եւ այլ կուսացկաններին:

«Մենք փոխում ենք Հայաստանը դեպի լավը: Պետք է զարգացնել արտադրական հնարավորությունները, որպեսզի ասպարեզ բացվի յուրաքանչյուր աշխատունակի համար: Մենք հնարավորություններ ենք ստեղծելու արժանապատիվ կյանք վարելու համար»,- նշեց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` եկել է ժամանակը` միավորելու բոլորի ջանքերը եւ հաղթահարելու թերությունները, որն ավելի բարդ հակառակորդ է, քան արտաքին թշնամին: ՀՀԿ-ի ուժն իր վայելած ժողովրդականության մեջ է: Չկա որեւէ բնագավառ, համայնք, որի նկատմամբ ՀՀԿ-ն ուշադրութուն ցուցաբերած չլինի եւ լուծումներ փնտրած չլինի:

Սարգսյանը կոչ արեց նորք մարաշցիներին վստահել եւ քվեն տալ ՀՀԿ-ին, քանի որ բավականաչափ չավարտված ծրագրեր կան:

← Վերադառնալ ցուցակին