Լուրեր

«Հասարակության զարգացման համար լավ ընտրությունները շատ կարեւոր են». ՀՀԿ նախագահ

23.04.2012

ՀՀԿ-ի գլխավոր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները վստահելի կլինեն Հայաստանի քաղաքացիների եւ գործընկերների համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նման հայտարարությամբ ապրիլի 23-ին Նորք Մարաշի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր երկիրը գտնվում է մի այնպիսի հանգրվանում, որ լավ ընտրություններ անցկացնելը մեզ համար շատ էական է»,-նշեց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով` մենք անմիջապես զգալու ենք լավ ընտրություններ անցկացնելու ազդեցությունը մեր հասարակության, տնտեսության վրա:

«Մեր բոլոր գործընկերները մեզ հիշեցնում են, որ այդպիսի պարտավորություններ մենք կամովին ենք սռանձնել եւ որեւէ մեկը մեզ չի պարտադրել դա: Անկեղծորեն պետք է նշել, որ մեր հասարակության զարգացման համար լավ ընտրությունները շատ կարեւոր են»,-ընդգծեց ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ, բնականաբար, կցանկանար, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն տաներ առավելագույն ձայներ, որպեսզի հնարավոր լիներ շարունակել սկսված ծրագրերը:

«Կիսատ մնացած շատ գործեր ու խնդիրներ ունենք մեր երկրում: Բազմաթիվ են խնդիրները, թերությունները, եւ մենք պետք է շարունակենք պայքարը դրանց վերացման համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշեց նաեւ այն խնդիրները, որոնց հետ երկիրը պարտադրված է եղել առերեսվել եւ որոնք խանգարել են զարգացմանը: Դրանց թվում ՀՀԿ նախագահը առանձնացրեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեր տարաշաշրջանում եղած ռազմական գործողությունները, Մարտի մեկի իրադարձությունները:

«Դրանք մեզ պարտադրեցին որոշակի խմբագրությունների ենթարկել մեր ծրագրերը, սակայն որեւէ սոցիալական ծրագիր մենք չկրճատեցինք»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ այս բոլոր խնդիրները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն կարող է ղեկավարել երկիրը նաեւ ճգնաժամային պայմաններում:

Նախագահը նշեց, որ Հանրապետականը առաջիկա հինգ տարիների ընթացքում շարունակելու է իրականացնել իր ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին