Լուրեր

Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը

23.04.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը:

***

Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքը Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողության ժամանակ

Հարգելի՛ բարեկամներ,

Մեր քաղաքամայր Երևանը աշխարհի առաջ բացված մի գիրք է, որի հին ու նոր էջերը շատ բան ունեն պատմելու համաշխարհային քաղաքակրթության ամենատարբեր ասպարեզների ու ժամանակաշրջանների մասին: Այս տարի, Հայ գրատպության 500 ամյակով պայմանավորված, մենք ընդգծում և ի ցույց ենք դնում հատկապես այն էջերը, որոնք պատմում են հայ գրքի ու գրականության անցած ճանապարհի և ներկա հանգրվանի մասին:

Դարեր ի վեր մեր ժողովրդի կողմից ստեղծած ձեռագիր մատյանների մի մասն էլ ընդամենը ամիսներ առաջ բացված և ձեր դեմ վսեմորեն կանգնած Մատենադարանի համալիրում է: «Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական ու հարատև մեկնակետը»,-նորակառույց համալիրի բացման օրը ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ և գործուն նվիրումի արդյունքում վեր խոյացավ հայ հին ձեռագրերի այս, հիրավի շքեղաշուք նոր գիտահետազոտական կենտրոնը` միաժամանակ հպարտության և արժանապատվության զգացումներով լցնելով հայ մարդու սիրտը:

Ինձ համար նույնպես մեծագույն հպարտություն և պատասխանատվություն է այս հոյակերտ համալիրի դիմաց, հայ գրերի ստեղծող, սևակյան բնորոշմամբ` մեր ինքնությունը կոփած ու կռած,

«Արյան դեմ թանաք,
Սրի դեմ `գրիչ,
Եվ դարանի դեմ` Մատենադարան դրած»

Մեսրոպ Մաշտոցի և մեր դպրության, գրչության ու գիտության երևելիների հուշարձանների հարթակում, ներկան ու մասնակիցը լինելու «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորհրդանիշի փոխանցման այս հիշարժան հանդիսությանը: Մեզ բոլորիս` այս առիթով հյուր եկած բարեկամներին և մասնակիցներին, ոգեշնչում և միավորում է մեկ գլխավոր արժեք` սերը գրքի և լույսի հանդեպ:

Դեռ Վռամշապուհ արքան, խորապես զգալով գրի ու գրչության անհրաժեշտությունը, ըստ ամենայնի աջակցում էր Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին, որ հետո հայ գրականության 5-րդ` ոսկեդար պիտի բերեր:

Բագրատունյաց պետականության արշալույսին հայոց Աշոտ արքան, գնահատելով հանդերձ իր թիկնապահին, զորացրեց նրան: «Ընտիր ձեռագիրը հոգևոր ոսկի է»,-ասաց նա և դպիրին հորդորեց գրչության լույսը տարածել:

Տասերորդ դարի խոնարհ վանական և հանճարեղ բանաստեղծ Նարեկացին մագաղաթին թողած չափածո տողերով արդեն ամբողջ մի հազարամյակ քանի-քանի սերունդների ինքնամաքրման ճանապարհի անդավաճան ուղեկիցն է:

Հեռավոր 1486 թվականին Հովհաննես գրիչն իր Հիշատակարանում հորդորում էր ոչ միայն կարդալ, այլև կարդալ տալ, գիրքը դիտելով վարդափթիթ և լուսերանգ բուրաստան, անմահության ջուր և կենաց հաց ու նաև հոգու բժիշկ:

Արդեն 20-րդ դարում Չարենցը կգրի`
Ամեն մի գիրք իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին:

Հարգելի՛ բարեկամներ,

Այս նշանակալի հոբելյանի և մասնավորապես «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը ստանձնելու առթիվ մենք մշակել ենք միջոցառումների շատ ընդգրկուն ծրագիր, որն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հավանությանը: Մեր գրատպության ավանդույթները և այս ասպարեզում արձանագրված նորագույն ձեռքբերումները արժանավայել ներկայացնելու համար մեծագույն խթան է հանդիսանում նաև պատմությանն արված հետադարձ հայացքը: Թերթե՛նք 1912-1913 թվականների հայ մամուլը: Ամբողջը ողողված է Հայ գրերի գյուտի 1500 և Հայ գրատպության 400 ամյակներին նվիրված ստեղծագործություններով և կազմակերպված բազում միջոցառումների լուսաբանմամբ: Մեծագույն հպարտություն ես ապրում` տեսնելով, թե պետականություն չունեցող հայ ժողովուրդը 100 տարի առաջ ինչպես է տոնել այս նշանակալի հոբելյանները: Կոստանդնուպոլսից մինչև Թիֆլիս ու Բաքու, Ալեքսանդրապոլից, Շուշիից մինչև Մոսկվա, Պետերբուրգ և այլ հայաշատ բնակավայրեր երկու տարի շարունակ ուշադրության կենտրոնում են եղել գիրքն ու գրականությունը` շնորհիվ մեր գրողների և մտավորականների: Կազմակերպված տարաբնույթ միջոցառումների առանցքը երկու պատմական դեմքեր էին` Մեսրոպ Մաշտոցն ու Հակոբ Մեղապարտը: Նվիրական անուններ, որոնցից առաջինը մեզ Գիր պարգևեց, իսկ երկրորդը` Գիրք:

Ժամանակակից Երևանը այս ամենի ժառանգորդն է, և դա մեզ պարտավորեցնում է համատեղել պետական ու հասարակական բոլոր պատկան կառույցների ջանքերը` գրի ու գրքի նշանակությունն առավելագույնս կարևորելու համար:

«Գրքի մայրաքաղաք» տիտղոսը մեզ համար մեծ խորհուրդ ունի: Ասելով «Գրքի մայրաքաղաքե` մենք առաջին հերթին հասկանում ենք «Գրողի մայրաքաղաք»-«Հրատարակչի մայրաքաղաք»-«Ընթերցողի մայրաքաղաք» եռամիասնությունը: Այսինքն` մայրաքաղաք, որտեղ անչափ կարևորվում է գրողի դերը, հրատարակչական արվեստը և արվում է ամեն ինչ` ստեղծվող գրականությունը ընթերցողին հասցնելու համար: Այս ամենն էլ և կազմում է մշակված ծրագրերի գաղափարախոսությունը, որտեղ հատուկ նշանակություն է վերապահված մանկական միջոցառումներին, որոնցում մեր երեխաները դիտարկվում են որպես ապագա գրողներ, հրատարակիչներ և ընթերցողներ:

Ինչևէ, շուտով մենք ականատեսը կլինենք բազմազան միջոցառումների հաջորդական շքերթի, որի միջից մեզ կողջունի նորին գերազանցություն Գիրքը` մագաղաթից մինչև էլեկտրոնային հրատարակություններ:

Սիրով ողջունում եմ մեր պատվարժան հյուրերին, շնորհավորում եմ բոլորիս «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» պատվավոր տիտղոսը ստանձնելու կապակցությամբ և մաղթում գիր ու գրականությամբ հագեցած առօրյա:

Շնորհակալություն:

← Վերադառնալ ցուցակին