Լուրեր
ՀՀ Նախագահը ներկա գտնվեց Զամանլու կամրջի բացմանը
21.04.2012
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին ներկա գտնվեց Լոռու մարզի Զամանլու երկաթուղային կամրջի բացման արարողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, որ կամրջի բացումը շատ խոշոր նախագծի իրականացում էր: «Կամրջի աշխատանքների ավարտը հնարավոր եղավ իրականացնել երկրի կառավարության, իշխանության մշտական ուշադրության եւ համագործակցության արդյունքում: Մենք Հայաստանի հետ կապված ենք ոչ միայն պատմությամբ, այլեւ ընդհանուր աշխատանքներով»,-ասաց Յակուտինը:
Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում գտնվող Զամանլու կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թ-ին, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Հատկացված միջոցների մի մասը ծախսվել է հանրապետություն համապատասխան մետաղակառուցվածներ ներմուծելու եւ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետագայում շինարարությունը կոնսերվացվել է:
Զամանլու կամրջի կառուցման աշխատանքները վերսկսվել են 2010 թ-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից:
Նոր կամրջի շահագործումը կապահովի գնացքների առավել անվտանգ երթեւեկությունը:
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1.2 միլիարդ դրամ: Իսկ գլխավոր գծի վերին կառույցի, հպակային ցանցի, օժանդակ կառույցների շինարարության, ինչպես նաեւ բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով կծախսվի 300 մլն դրամ:
Այցի շրջանակում Նախագահը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ քննարկեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության հետ կապված հարցերն ու զարգացման ծրագրերը: