Լուրեր

«ՀՀԿ-ն վճռականորեն է տրամադրված բոլոր թերությունների դեմ պայքարելու հարցում». Սերժ Սարգսյան

21.04.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Ալավերդու բնակիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ պատերազմը, տնտեսական համակարգի փլուզումը, հարեւանների թշնամական վերաբերմունքը թույլ չէին տալիս մտածելու առկա խնդիրների լուծումների մասին: «Բոլոր հարցերը այսօր կառավարում ենք. Հայաստանի անկախությունն անշրջելի է, Արցախը պաշտպաված է հայ զինվորի կողմից: Եկել է ժամանակը, որ մենք շրջվենք դեպի մարդը»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ մարդն է հենց իր կերպարով կերտում Հայաստանի դիմագիծը:

Հայաստանը չունի նավթ եւ գազ, սակայն աշխարհի ամենահարուստ երկիրն է` իր ռեսուրսներով, ջերմությամբ եւ նվիրումով: Ալավերդիում ազնիվ եւ ստեղծագործ մարդը ստեղծում է նոր Հայաստանը: «Նա չընկճվեց որեւէ բարդությունից եւ շենացրեց իր համայնքը: Հայաստանի տնտեսության կառավարման առումով հանքարդյունաբերությունը կարեւոր մաս է կազմում»,- նշեց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` պետք է ապահովել արժանի կյանք յուրաքանչյուրի համար: ՀՀԿ-ն գիտի բոլոր թերությունները եւ անդրադառնում է նաեւ բնապահպանության խնդիրներին: Պետք է հետեւել կանաչ տարածքների պահպանմանը, քանի որ առանց պատշաճ բնության չի կարող իրագործվել որեւէ ծրագիր: Չկան մեկուսացված տեսական խնդիրներ, յուրաքանչյուր խնդիր կապված է մեկ այլ ոլորտի հետ: «Մենք զարգացման մեծ ներուժ ունենք: Սա չի նշանակում, որ արհեստականորեն խոչընդոտելու ենք հանքարդյունաբերության զարգացմանը, ընդհակառակը, անելու ենք այնպես, որ այն զարգանա առանց խոչընդոտների»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն վճռականորեն է տրամադրված բոլոր թերությունների դեմ պայքարելու հարցում:

Խորհրդարանական ընտրությունները որոշելու են, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարի երկրում: Սարգսյանը կոչ արեց ալավերդցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ դրանք չդիտարկել որպես պատերազմ, կենաց եւ մահու խնդիր: Ընտրությունները քաղաքական իրադարձություններ են, եւ կարեւոր, որ դրանցից հետո բնակչությունը դառնա ավելի միասնական եւ կամեցող: Նա վստհություն հայտնեց, որ այս ընտրությունները լինելու են լավագույնը անկախ պետականության պատմության մեջ:

ՀՀԿ ղեկավարը ալավերդցիներին հորդորեց աջակցել տվյալ տարածաշրջանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Կարեն Սարիբեկյանին, որը կարող է արժանապատիվ ներկայացնել բնակչության խնդիրները ԱԺ-ում:

← Վերադառնալ ցուցակին