Լուրեր
Սերժ Սարգսյանը օձունցիներին կոչ արեց գիտակցված մասնակցել ընտրություններին
21.04.2012
Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Օձունի բնակիչների հետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ Օձունն ունի փառահեղ պատմություն, եւ եկել է խոսելու այն Օձունի մասին, որը ցանկանում են տեսնել օձունցիները: «Մեր ժողովուրդը տեսել է ամեն ինչ եւ իր կյանքը զոհաբերել իր հայրենիքի ու զավակների համար: Այսօր պետք է մտածենք լավ ապրելու մասին, որը ներառում է բարեկեցություն եւ հարմարավետություն»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը ստանձնում է լավ ապրելու պատասխանատվությունը: «Կան խնդիրներ, որոնց լուծումները հնարավոր է տալ ժամանակի հետ: Լուծումների համար կուսակցությունը որպես առաջնային ուժ ունի բոլոր հիմնաքարերը: Կենսամակարդակի բարձրացումը ներառում է ամեն ինչ. օգնելու ենք իրացնողին, մշակողին, այգեպանին, ուսանողին եւ ուսուցիչին: Սա մի շղթա է, եւ մենք այն ունենք մշակած բոլոր գյուղերի եւ քաղաքների համար»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` պետք է ապրել ավելի լավ մեր վաստակով եւ կազմակերպվածությամբ` բացառելով թերությունները:
Սարգսյանը օձունցիներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ գիտակցել, որ յուրաքանչյուր քվեն մեծ նշանակություն ունի: