Լուրեր

ՀՀԿ-ն ճգնաժամի պայմաններում դիմակայեց կործանարար մարտահրավերներին. Սերժ Սարգսյան

21.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին Տավուշի մարզում հանդիպեց Այրումի բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ կարիք ունեն այրումցիների աջակցությանը: «Առանց ձեր աջակցության մենք չենք կարող դերակատարում ունենալ երկրում: Մենք պատրաստվում ենք մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին եւ եկել ենք կոչ անելու, որ ձեր ձայնը տաք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ բավականին մտահաղացումներ ունենք իրագործելու»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում իշխող կուսակցությունն ապացուցեց իր հնարավորությունները, հետ մղեց այն հարվածները, որոնք կարող էին կործանարար ազդեցություն ունենալ: «Մենք վերականգնեցինք ճգնաժամին նախորդող ցուցանիշները մի շարք ոլորտներում: Վերականգնեցինք բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների նախկին ծավալները»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` զարգացման տեմպերը բավարար չեն, սակայն ճանապարհը ճիշտ է ընտրված: ՀՀԿ-ն հավատում է ամուր հենասյուներին, որոնց շնորհիվ կզարգանա նաեւ տնտեսությունը:

Սերժ Սարգսյանը արյումցիներին կոչ արեց աջակցել ՀՀԿ-ի մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:

← Վերադառնալ ցուցակին