Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ
21.04.2012
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ։Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին <<Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ>> համաձայնագիր:Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և իրականացնել փոխշահավետ գործակցային միջոցառումներ:<<Երևանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք և պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում և, վստահ եմ, որ մեր քաղաքների միջև գործակցության լայն հեռանկարներ կան>>,– նշել է Տարոն Մարգարյանը։Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին համոզմունք է հայտնել, որ Երևանն ու Վենետիկը կարող են և պետք է գործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլև տնտեսական տարբեր ոլորտներում։Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երևանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին:Նա ընդգծել է, որ թեև ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երևանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ, արդեն հիացած է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին, իրեն հարմար ժամանակ, պաշտոնական այցով մեկ անգամ ևս այցելել Երևան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երևանի և Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը: