Լուրեր

Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Կոշի առողջապահական կենտրոնի բացմանը

20.04.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում ներկա գտնվեց Կոշի առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյանների» անվան ամբուլատորիայի կառուցում և վերազինում» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին: 2011 թվականի ընթացքում ավարտվել են կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները:
Կենտրոնի բացման պատվին արժանացել էին ծրագրի իրականացումը ֆինանսավորած բարերար Աննա Թադևոսյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Արագածոտնի մարզպետը շնորհակալություն հայտնեց Տեր և Տիկին Թադևոսյաններին ազգանվեր գործունեության համար և ընդգծեց, որ վերջիններս այսուհետ հանդիսանում են Կոշի և, առհասարակ, Արագածոտն մարզի պատվավոր բնակիչներ:
Ծրագիրը ֆինանսավորվել է «Տեր և Տիկին Թադևոսյաններ» հիմնադրամի կողմից: Արժեքը կազմում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է, որ կենտրոնը կսպասարկի ոչ միայն Կոշի, այլ նաև հարևան համայնքների բնակիչներին: Շնորհիվ ֆինանսավորման` իրականացվել են կենտրոնի` նոր սարքավորումներով կահավորման աշխատանքները:
Առողջարանական կենտրոնի բացման արարողությունից հետո Նախագահը ծանոթացավ Կոշ համայնքի 665 տնտեսությունների գազիֆիկացման աշխատանքներին: Համայնքի ցածր և միջին ճնշման գազատարների անցկացում աշխատանքների նախագծանախահաշվարկային փաստաթղթերը կազված են, նախահաշվային արժեքը կազմում է 940.6 մլն դրամ (հաշվի է առնվել հետագա ընդարձակման հնարավորությունները, դեպի Արուճ, Շամիրամ, Նոր Եդեսիա և Արագածոտն համայնքներ): Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտել 2012 թ-ի վերջին ` «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ միջոցների հաշվին (համապատասխան միջոցները նախատեսված են): Վերոնշյալ գազաֆիկացման աշխատանքները նախատեսված են ՀՀ Նախագահի 30.07.2008 թ. ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցով:
 

← Վերադառնալ ցուցակին