Լուրեր

Միջազգային հարթակներում Հայաստանը հաջողությամբ է ներկայացնում իր շահերը. Սերժ Սարգսյան

20.04.2012

 Խորհրդարանական ընտրությունների շնորհիվ պետք է ձևավորել Ազգային Ժողով, որը կներկայացնի բոլոր համայնքների և յուրաքանչյուր քաղաքացու շահերը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապրիլի 20-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Որպես ՀՀԿ-ի նախագահ` ցանկանում եմ, որ դուք ձայն տաք հանրապետականին, իսկ ահա որպես ՀՀ Նախագահ` շահագրգիռ եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար»,- ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ազատ ընտրություններ ապահովելու համար պետք է քաղաքացիներն ու իշխանությունը ձեռք ձեռքի տան ու լինեն միասնական:
«Հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք կարող եք դրան տալ ձեր գնահատականը: Աշխարհում արդեն մեզ հետ հաշվի են նստում, միանշանակ է նաև այն, որ միջազգային հարթակներում մենք հաջողությամբ ներկայացնում ենք մեր շահերը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Ծաղկահովիտից հետո ՀՀԿ առաջնորդը եղավ հիմնականում եզդիներով բնակեցված Ալագյազ համայնքում: Նա հարթակ հրավիրեց Գյուղապետ Ազիզ Մհոյանին` խնդրելով վերջինիս ներկայացնել գյուղի հիմնական խնդիրները: Իր խոսքում գյուղապետը հատկապես ընդգծեց նորակառույց դպրոցի հետ կապված խնդիրը, որն առաջացել է ոչ պրոֆեսիոնալ շինարարաների իրականացրած աշխատանքի պատճառով: «Այժմ գրեթե ամբողջությամբ նոր դպրոցի հատակը փտել է»,- ասաց նա:
Իր հերթին Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ բոլոր այդ հարցերը կգրանցվեն ու մոտակա ամենակարճ ժամանակահատվածում լուծում կստանան:

← Վերադառնալ ցուցակին