Լուրեր
Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նպատակներից է: Ինչպես տեղեկաց
20.04.2012
Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նպատակներից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապրիլի 20-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտն մարզի Հնաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«Հնաբերդցիներ, ուրախ եմ, որ առաջին անգամ ձեր գյուղում եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ նախորդ ընտրություններում մեզ եք աջակցել: Դա պարտավորեցնում է: Եկել եմ, որրպեսզի այս անգամ էլ խնդրեմ ձեր աջակցությունը, որպեսզի մենք կարողանանք մեր գործը շարունակել»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ այս չորս-հինգ տարիների ընթացքում էապես չի հաջողվել անել այնպես, որ գյուղացիների բոլոր խնդիրները մնան անցյալում, սակայն դրա համար արվել է հնարավոր ամեն ինչ:
Խոսելով համայնքի խնդիրների մասին` Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ինքը տեղյակ է բոլոր այն խնդիրների մասին, որոնք տեղ ունեն Հնաբերդ համայնքում:
«Ես ինքս եկա այստեղ մի ճանապարհով, որն անպայմանորեն ենթադրում է շտապ վերանորոգում, գիտեմ ձեր դպրոցի անբարեկարգ վիճակի մասին, մշակութային տան բացակայության մասին: Միաժամանակ որոշակի խնդիրներ լուծվել են կամ էլ դրա ճանապարհին են: Մեր նպատակն է, որ գյուղը լինի հարմարավետ, որպեսզի գյուղն ունենա խմելու և ոռոգման ջուր, շուրջօրյա էլեկտրականություն»,- նշեց ՀՀԿ-ի առաջնորդը` ընդգելով, որ եթե հարմարություններ չկան, գյուղացին չի ցանկանում սրտանց աշխատել:
Ելույթից հետո Սերժ Սարգսյանը հանդիպեց համայնքի ղեկավարի ու բնակիչների հետ, զրուցեց նրանց հետ: Իրենց հերթին համայնքի բնակիչները Սերժ Սարգսյանին նվիրեցին հուշանվեր` ի պատիվ իրենց գյուղ այցելության: